Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Սիրիր թատրոնը քո մեջ, ոչ թե քեզ՝ թատրոնի»

«Սիրիր թատրոնը քո մեջ, ոչ թե քեզ՝ թատրոնի»
28.10.2016 | 11:48

Արդեն 16 տարի է, ինչ դպրոցականների աշնանային արձակուրդի օրերին անցկացվում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը:
Այս տարի այն կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում և նվիրվում է հանրապետության Անկախության 25-ամյակին: Փառատոնի ներկայացումները տեղի կունենան նաև «Զեյթուն» մշակութային կենտրոնում, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնում (Նորագավիթ):
Փառատոնի ընթացքում կներկայացվի 24 բեմադրություն:


Մշտական մասնակիցներն են Շիրակացու անվան ճեմարանի, Մարտունի քաղաքի «Եղեգն», Երևանի Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի, Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնի «թատրոն. am», Գավառի արվեստի դպրոցի, Սաղմոսավանի «Ծաղկունք» պատանեկան ակումբի, Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Մասիսի «Սիրոն», Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի թատերախմբերը:
Վերջին տարիներին նրանց միացան Այնթապ գյուղի «Էստադո», Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի, Գավառի մանկատան, Աշտարակի «Պերճիկ», ԼՂՀ-ի Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի, Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի, Երևանի «Բեմել «Ս» խմբերը:


Տարեցտարի լայնանում է փառատոնի աշխարհագրությունը: Այս տարի առաջին անգամ կմասնակցեն Ալավերդու, Մեծամորի «Փարանչո» տիկնիկային թատրոնները, Հրազդանի «Արամազդ» երիտասարդական կենտրոնի, ԼՂՀ-ի Քարվաճառի «Միջնաբերդ», Արմավիրի մարզի Հացիկ գյուղի թատերախմբերը:
Այս տարի կրկին բեմ կբարձրանան «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությունների թատերախմբերը, որոնցում հանդես են գալիս հաշմանդամ երեխաներ: Ինչպես միշտ, հարուստ և բազմազան է խաղացանկը: Բեմադրվել են Հովհ. Թումանյանի, Ջաննի Ռոդարիի, Գառնիկ Պողոսյանի, Արտաշես Բաբայանի, Մերի Սահակյանի, Անահիտ Ոսկերչյանի, Հանս Քրիստիան Անդերսենի, Վիլյամ Սարոյանի, Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները, ժողովրդական հեքիաթներ:


Շիրակացու անվան ճեմարանի թատերախումբը, որը «Зеленая планета» միջազգային փառատոնի քառակի դափնեկիր է, կներկայացնի Ա. Օստրովսկու «Ամպրոպ» դրաման: Յուրաքանչյուր ներկայացումից առաջ, ինչպես միշտ, կհնչի հատուկ «Նռան հատիկի» համար գրված «Թատրոն» երգը, որը փառատոնի հիմնն է (երաժշտություն և խոսք՝ Վահան Անդրեասյանի): Յուրաքանչյուր փառատոնից առաջ պատանի թատերասերները երդվում են.
1. Պատվով շարունակել հայ թատրոնի ավանդույթները, հավատարիմ մնալ նրա բարձր սկզբունքներին՝ մարդասիրությանը և խաղաղասիրությանը,
2. խոստանում են բեմից քարոզել միայն վեհ, բարի և գեղեցիկ գաղափարներ, բարձրացնել հանդիսատեսի գեղագիտական ճաշակը,
3. հանդիսատեսին ներկայացնել դասական և ժամանակակից դրամատուրգների լավագույն գործերը,
4. պայքարել հանուն մայրենի լեզվի մաքրության, անհանդուրժող լինել թատրոնում տեղ գտած գռեհկաբանության, բռնության, սարսափի բոլոր տեսակի դրսևորումների նկատմամբ,
5. դաստիարակել մեր ազգային բարոյական նկարագրին հարիր գործեր՝ «Սիրիր թատրոնը քո մեջ, ոչ թե քեզ՝ թատրոնի» սկզբունքով:
Փառատոնին իրենց ուղերձներն են հղել «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը և նույն ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը:


Փառատոնը կազմակերպել են «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:
«Նռան հատիկը» շարունակվում է:


Արուսյակ ՄԱՆԹԱՇՅԱՆ
«Նռան հատիկ» փառատոնի նախագահ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ